• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանս

Թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանս

Սույն թվականի մարտի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Թվինինգ» ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը։

Ծրագրի նպատակը կենսաբազմազանության և բնության պահպանության բնագավառում ՀՀ օրենսդրության բարելավումն ու բնության պահպանության հարցերով պատասխատանու գերատեսչությունների արդյունավետության բարձրացումն է։

 

Չեխիայի բնության պահպանության գործակալությունը և Ֆինլանդիայի բնապահպանական ինստիտուտը SYKE համագործակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ Հայաստանի բնության պահպանության բարելավմանը միտված օրենսդրական փոփոխությունների առաջարկներ մշակելու նպատակով։ Բազմաթիվ առաջարկների թվում են պահպանվող տարածքների նոր ՝ «պահպանվող լանդշաֆտի» կատեգորիայի հիմնումը, արժեքավոր բնական էկոհամակարգերի կատեգորիայի վերաբերյալ կանոնների սահմանումը, ինչը թույլ կտա կենսաբազմազանության պահպանությունը մասնավոր սեփականություն համարվող տարածքներում։ Միջազգային փորձագետների խումբը նաև առաջարկել է բնության պահպանության ոլորտում ինստիտուցիոնալ կառուցվածքի փոփոխություններ, որոնք ի վերջո կհանգեցնեն կենսաբազմազանության պահպանության և ԲՀՊՏ-ների կառավարման համար պատասխանատու պետական գործակալության ստեղծմանը։

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարար պրն Հակոբ Սիմիդյանն իր խոսքում անդրադարձավ Ծրագրի գրանցած արդյունքներին՝ հավելելով․ «Կարծում եմ, որ օրենսդրական և ինստիտուցիոնալ զարգացման բնագավառներում այս Ծրագրի գրանցած արդյունքները մեզ համար  կդառնան առանցքային գործիքներ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրի կիրարկման համար»։

 

Քանի որ ՀՀ-ն Եվրոպական միության հետ ստորագրել է ՀԸԳՀ-ն (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը), երկիրը պատրաստվում է Եվրոպական միության հետ իրավական և գործնական բնույթի համագործակցությանը նպատակաուղղված որոշակի քայլեր ձեռնարկել։ ԵՄ-ի բնության վերաբերյալ հրահանգներին մոտարկումը բնության պահպանության ոլորտի նպատակն է։

 

«Մենք ամփոփել ենք ՀԸԳՀ-ի պահանջները և ներկայացրել Կենսամիջավայրերի և թռչունների վերաբերյալ հրահանգների հիմնական սկզբունքները «Նատուրա 2000» գործիքակազմի միջոցով՝ ներառելով նաև կենսաբազմազանության պահպանության հաջողված պատմություններին առնչվող մի քանի դեպքի ուսումնասիրություն։ Վերջիններս միտված են ՀՀ-ի բնապահպանների համար ԵՄ օրենսդրության վերաբերյալ խտացված տեղեկություններ տրամադրելուն», նշեց Չեխիայի բնության պահպանության գործակալության ներկայացուցիչ պրն Տոմաշ Ռուժիչկան։

 

 

Միջազգային և հայ փորձագետներից կազմված խումբը մշակել է ՀՀ-ի կենսաբազմազանության ռազմավարության նախագիծը։ «Մենք նաև մշակել ենք Ռազմավարության գործողությունների ծրագիրը և այժմ քննարկում ենք այն Նախարարության հետ», իր ելույթում շեշտեց Ծրագրի ղեկավար, Չեխիայի բնության պահպանության գործակալության ներկայացուցիչ պրն Դավիդ Լացինան։ Ռազմավարությունում նաև հաշվի են առնվել  Կենսաբանական բազմազանության գլոբալ շրջանակի (Կունմին-Մոնրեալ) քննարկման արդյունքում համաձայնեցված թիրախները։

 

Կոնֆերանսի ընթացքում ներկայացված սահիկահանդեսները հասանելի են այստեղ, իսկ կոնֆերանսի տեսագրությունը հասանելի է այստեղ։

 

Ծրագրի ամփոփիչ բրոշյուր։  

 

 

  Լուսանկարները՝ ՇՄ նախարարության