• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Հայ փորձագետները՝ Եվրոպայում ոգեշնչում փնտրելիս

Հայ փորձագետները՝ Եվրոպայում ոգեշնչում փնտրելիս

Հայաստանի տարբեր կառույցների, ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչներ Չեխիայի Հանրապետություն այց կատարեցին՝ բնության պահպանության ոլորտում Եվրոպական միության մոտեցումներին ծանոթանալու նպատակով։ Ութ մասնակիցները այցելեցին «Պոդիյի» ազգային պարկ և «Պալավա», «Զդարսկե վըրխի» պահպանվող լանդշաֆտային տարածքներ, որտեղ հանդիպեցին Չեխիայի բնության պահպանության մասնագետների հետ։

 

Ճանաչողական այցի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ազգային պարկերի դերին Չեխիայում, որտեղ պահպանվում և պաշտպանվում են ամեանաարժեքավոր կենսաբազմազանությունն ու բնական պրոցեսները։ Մարդկային միջամտությունները նվազագույնի են հասցված՝ իրականացվելով պարկերի միայն որոշակի փոքր հատվածներում։ Կառավարման բոլոր մոտեցումների հիմնական նպատակը բնիկ տեսակներն ու բնական միջավայրերը պահպանելն ու բնական էկոհամակարգերը վերակենդանացնելն է։ Չեխիայում կա 4 ազգային պարկ։ Այցելուները հանդիպեցին «Պոդիյի» ԱՊ-ի տնօրեն Տոմաշ Ռոտրեկլի և պարկի անձնակազմի հետ, որոնք ներկայացրեցին խիստ պահվանվող բնական գոտին՝ քննարկելով տեսակների մշտադիտարկման, անտառների կառավարման և զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր։

 

 

«Պալավա» ՊԼՏ այցը կենտրոնացավ պահպանվող տարածքում զբոսաշրջության կառավարման, ինչպես նաև բնական ակտիվների ակտիվ կառավարման հարցերի վրա։ Չնայած օրվա մի մասը ուղեկցվեց անձրևներով՝ մասնակիցները մեծ խանդավառությամբ կարողացան դիտարկել բազմաթիվ դեղին հիրիկներ (Iris pseudocarus), այնպիսի թռչուններ, ինչպիսիք են խայտաբադերը (Tadorna tadorna), ոտնացուպիկները (Himantopus himantopus), բլրային արծիվները (Aquila heliaca)։ ՊԼՏ-ի (ԲՊՄՄ (IUCN) V կատեգորիա)  վարչակազմի ղեկավար Յիժի Կմետը մասնակիցներին ներկայացրեց երկրի 24 ՊԼՏ-ների կառավարման համար պատասխանատու Բնության պահպանության գործակալության կազմակերպական կառուցվածքը։ Յ․ Կմետը նաև խոսեց անհետացման եզրին գտնվող տեսակների ու բնական միջավայրերի պահպանությանն ուղղված ակտիվ կառավարման գործելակերպերի մասին։

 

    

 

Եվրոպական գետնասկյուռի (Citellus citellus) թվաքանակի մեծացումը բնության պահպանությանն ուղղված ջանքերի հաջողված օրինակներից մեկն է։ Փորձագետները հնարավորություն ունեցան տեսնելու Չեխիայում կենդանատեսակի ամենախոշոր պոպուլյացիաներից մեկը՝ 800 առանձնյակով։ Այս պոպուլյացիան 2008թ․-ին բաղկացած էր ընդամենը 10 առանձնյակից, սակայն թիվը սկսեց աճել Միրոսլավ մարզի հարակից օդակայանի տարածքում պատշաճ խոտհունձ իրականացնելու արդյունքում։

 

 

 

Բավական հետաքրքիր և տարբերվող էր այցը «Զդարսկե վըրխի» պահպանվող լանդշաֆտային տարածքում գտնվող «Ռանսկո» ազգային բնական արգելոց, որտեղ կա կեղևակեր բզեզի (Ips typographus) ակտիվ բազմացման ազդեցությունը մեծապես կրող ոչ բնիկ եղևնիների անտառ, ինչը պայմանավորված է տեղումների խիստ նվազմամբ,  ջերմաստիճանի բարձրացմամբ և այն փաստով, որ նախկինում անտառը տնկվել է որպես ոչ բնիկ տեսակների մոնոմշակույթ։ Այս համատեքստում Բնության պահպանության գործակալության մարզային մասնաճյուղի տնօրեն Վացլավ Հլավացը մատնանշեց կլիմայական փոփոխություններով պայմանավորված ևս մեկ սպառնալիք։ Անհետացման եզրին գտնվող մերկածածանի տեղական պոպուլյացիայի (Phoxinus phoxinus) դեմ սպառնալիք էր նախորդ երկու տարվա ընթացքում երկու ամիս շարունակ անտառային գետակի ցամաքումը։ Չնայած այս դժվարին պայմաններին՝ ձկնատեսակը շարունակում է գոյատևել։

 

 

 

Այցը վայրի կենդանատեսակների միգրացիայի համար նախատեսված՝ ծանրաբեռնված երթեւեկությամբ խոշոր մայրուղու վրա գտնվող կամուրջ բնության և վայրի կենդանական աշխարհի վրա մարդկային ազեցության մեղմացման հետաքրքիր օրինակներից մեկն էր։ Մայրուղին անհնար է հատել և նմանատիպ կամուրջները այդ խոչընդոտը հաղթահարելու և տեսակների միգրացիան ապահովելու միակ լուծումն են։

 

 

 

Ճանաչողական այցը կազմակերպվել է Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության կողմից՝ որպես ՀՀ-ի բնապահպանության ոլորտի օրենսդրության հզորացմանն ու ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված «Թվինինգ» ծրագրի մաս։

 

Լուսանկարները՝ Տոմաշ Ռուժիչկայի

 

Ճանաչողական այցի մասին այլ հոդվածներ՝

Ecolur - Հայ մասնագետները ծանոթացան Չեխիայի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության ոլորտի կառավարման փորձին

 

Related posts