• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Կովկասյան ընձառյուծի վերադարձը Հայաստան

Կովկասյան ընձառյուծի վերադարձը Հայաստան

Վաղ 2000-ականներին Կովկասյան ընձառյուծը (Panthera pardus tulliana) դարձավ ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակ Հայաստանում։ Այսօր (2021թ․-ին) երկրում ընձառյուծի թվաքանակը ավելացել է մինչև 10 առաձնյակ։ Այս հաջողությունը պայմանավորված է եղել գոյություն ունեցող պահպանվող տարածքների հսկողության ուժեղացմամբ, ընձառյուծի ապրելավայրի տիրույթում նոր պահպանվող տարածքների և համայնքային պահպանվող տարածքների ստեղծմամբ, ինչպես նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի, Կովկասի բնության հիմնադրամի, համայնքների և այլ հաստատությունների միջև արդյունավետ համագործակցության շնորհիվ։

 

Թիրախային երևույթի (տեսակներ/կենսամիջավայր/պահպանվող տարածք) նկարագիրն ու պահպանության կարգավիճակը

 

Կովկասյան կամ պարսկական ընձառյուծը (Panthera pardus tulliana) համարվում է Կովկասյան էկոտարածաշրջանի կարևորագույն կենդանիներից մեկը։ Այս կենդանատեսակն ընդգրկված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում (2010թ․)՝ որպես խիստ վտանգված տեսակ, ԲՊՄՄ-ի Կարմիր գրքում և «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կենվենցիայի (CITES) 1-ին հավելվածում՝ որպես վտանգված կենդանատեսակ և «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի 2-րդ հավելվածում՝ որպես խիստ պահպանվող կենդանատեսակ։ Կենդանատեսակը բնակվում է Հայաստանի հարավային, այդ թվում՝ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։2018թ․-ին Հայաստանի հյուսիսային մարզերից մեկում՝ Տավուշում, ֆոտոխցիկները նկարահանել են ընձառյուծ։ Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում ընձառյուծի պոպուլյացիան կայուն է և տատանավում է 5-10 առաձնյակների միջակայքում։ Ընձառյուծի համար հիմնական կեր հանդիսացող Բեզոարյան (Capra aegagrus) այծի թվաքանակն աճել է՝ 1200-ից (2006թ․) հասնելով ավելի քան 3000-ի (2021թ․)։

 

Ընձառյուծին սպառնացող հիմնական վտանգը որսագողությունը, կենսամիջավայրի ոչնչացումն ու վնասումն է, ինչպես նաև սահմանային շրջաններում՝ ընձառյուծի ապրելավայրի տիրույթում, ռազմական ուժերի առկայությունը։

 

Կատարված աշխատանքները

 

2002թ․-ին ԲՀՀ-ն սկսեց իրականացնել Հայաստանում ընձառյուծի պահպանությանն ուղղված ծրագիրը։

Այն ենթադրում էր գոյություն ունեցող պահպանվող տարածքների հսկողության ուժեղացում («Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներ), ինչպես նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և թիրախային համայնքների հետ համագործակցությամբ ընձառյուծի հիմնական կենսամիջավայր համարվող տարածքներում նոր պահպանվող տարածքների ստեղծում («Արևիք» ազգային պարկ, «Զանգեզուր», «Խուստուփ» արգելավայրեր)։

 

2015թ․-ին ԲՀՀ-ն նախաձեռնեց էկոմիջանցքի ստեղծման ծրագիրը։ Ծրագրի արդյունքում՝ Հայաստանի հարավում էկոմիջանցքի շրջանակներում հիմնվեց 6 համայնքային պահպանվող տարածք։

Ընդհանուր առմամբ, երկրում հիմնադրվել է ավելի քան 91,881 հա նոր պահպանվող տարածք և 38,454 հա համայնքային պահպանվող պարածք, ինչը կազմում է ՀՀ ողջ տարածքի մոտ 5 տոկոսը։

  

Պատասխանատու կազմակերպությունները

 

Ծրագիրն իրականացվել է ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ ԲՀՀ-ի Շվեյցարիայի և Գերմանիայի մասնաճյուղերի ֆինանսական աջակցությամբ։ Նոր պահպանվող տարածքների և էկոմիջանցքի ստեղծման ծրագրերը ֆինասնական աջակցություն են ստացել ԲՀՀ-ի ցանցից, Կրիտիկական իրավիճակում գտնվող էկոհամակարգերի հարցով գործընկերության հիմնադրամից (CEPF), Նորվեգիայի կառավարությունից (ԱԳՆ), Գերմանիայի կառավարությունից (ԳԴՀ ՏՀԶՆ՝ Վերակառուցման վարկերի բանկի միջոցով), ՄԱԶԾ/ԳԷՀ-ից։

 

 

Կարեն Մանվելյան, ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղ, Ծրագրի մասին

 

Եզրակացություններ, առաջարկություններ, քաղած դասեր

 

Ընձառյուծի և այլ վտանգված կենդանատեսակների արդյունավետ պաշտպանության բնագավառում դեռևս շատ անելիքներ կան։ Օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերը կատարելագործման և շարունակական զարգացման կարիք ունեն։ Ընձառյուծների կենսամիջավայրերի ծածկույթի հետ կապված խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ է հիմնել նոր պահպանվող տարածքներ և համայնքային պահպանվող տարածքներ։

Արդյունքների կայունությունն ապահովվում է ՀՀ կառավարության կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և Էկոմիջանցքի հիմնադրամի համատեղ ջանքերով։

 

Կապ՝

կ.գ.թ. Կարեն Մանվելյան, ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։